Azat Arshakyan Ազատ Արշակյան

* 1950

  • Մեր կազմակերպությունները գրավիչ չէին։ Մենք ինքերս գայթակղիչ չենք եղել։ Մենք զանգվածներ չկարողացանք գրավել, ինչպես դա արեցին Ղարաբաղյան շարժման ղեկավարները։ Նրանք գտել էին բանալին։ Նրանք ժամանակի շունչը զգում էին, մենք ժամանակավրեպ էինք։ Մեր գլխավոր թերությունը ժամանակից առաջ անցնելն էր։ 1981-ի սեպտեմբերիի տասնութին Նավասարդյան Աշոտը ու ես ճանաչվել ենք հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ, պետական հանցագործ հանրաքվե պահանջելու պատճառով։ Տասնքանի տարվա ազատազրկում բանտային ռեժիմով։ Որովհետև մենք պահանջել ենք հանրաքվե։ Ուղիղ տասը տարի երեք օր հետո Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե, մասնակիցների 99,9 տոկոսը ասեց՝ մենք անկախություն ենք ուզում։ Հիմա մտածում եմ՝ բա էդ ժամանակ 91-ին ինձ պետք է կանչեին (հրապարակ) ու ասեին. «Այ սա, տասը տարի առաջ երազել է սա, հիմա իրականցել է»։

  • Ես ու Նավասարդյան Աշոտը նամակ գրեցինք ԳԽ նախագահությանը 1981-ին։ Խնդրեցինք անցկացնել հանրաքվե՝ պարզելու՝ Հայաստանում ժողովրդի քանի տոկոսն է անկախական։ Նամակը թռուցիկի տեսքով էր։ Մի քանի հարյուր կամ հազար հատ բաժանեցինք ու մի օրինակը վերցրինք, գնացինք դատախազություն։ Դեմոնստրացիա էինք անում։ Խնդրեցինք ԿԳԲ-ի գործերի հսկիչ դատախազի մոտ ընդունելություն, ինքը մեզ ճանաչում էր՝ Պապին Թոխյանը։ Հրավիրեց դատախազություն՝ ոնց եք, ինչ կա չկա, ինչ գործով եք էկել։ Ասեցինք՝ նամակ ենք գրել ԳԽ նախագահությանը, մի օրինակն էլ բերել ենք, որ տաք։ Հա, ասեց, կարդաց, վեր կացավ, կանգնեց ու փլվեց աթոռի վրա։ Ասեց՝ ես հիմա էս նամակը կվառեմ, ու մեր հանդիպումը տեղի չի ունեցել, գնացե՛ք տուն։ Մոխիր եմ դարձնում, ու գնացե՛ք տուն։ Մենք ասեցինք՝ չէ, բաժանել ենք թռուցիկի տեսքով։ Ասեց՝ չէ, սա մահվան դատավճիռ ա, հետ կանչե՛ք, հավաքե՛ք բոլոր թռուցիկները ու վառե՛ք, ես ոչ ոքի չեմ զեկուցի։ Ասեցինք՝ չի լինի։ Իր կարմիր հեռախոսով զանգեց շեֆի, ասեց՝ հույժ կարևոր խնդիր կա։ Մեզ՝ նախկինում խիստ ռեժիմով դատվածներիս թողեց իր աշխատասենյակում, ասեց՝ գնամ զեկուցեմ շեֆին։ Մի տասնհինգ րոպեից եկավ, ասեց արդեն մի տասը հոգի մտավորականներից (հայ մտավորականների փոստարկղերում էինք գցել՝ Գրողների միություն, Ճարտարապետների միություն) արդեն հանձնել են, զանգել են ԿԳԲ ասել են, որ մեր փոստարկղում թռուցիկ ենք հայտնաբերել հակասովետական բովանդակությամբ։ Ասեց՝ լավ, դուք գնացիք տղերք, դուք գնացիք ընդմիշտ։ ԿԳԲ-ից եկան մեզ տարան։

  • Մենք գիտեինք բոլորս՝ և՛ երկրի առաջին դեմքերը, և՛ ուսանողներն ու դպրոցականները գիտեին, որ անարդարություն է տեղի է ունեցել, ու Սովետական Միությունը դա պարբերաբար ճանաչում էր։ Օրինակ՝ երբ Եղիշե Չարենցին ռեաբիլիտացիայի ենթարկեցին։ Այսինքն՝ արգելված Չարենցը հետ եկավ իր «Երկիր Նաիրի»-ով, «Գիրք ճանապարհի»-ով, «Ես իմ անուշ Հայաստանի»-ով, «Լենինն ու Ալին»-ով։ Սովետական Միությունը մեզնից ներողություն խնդրեց։ Ակսել Բակունցին ռեաբիլիտացրին, արդարացրին։ Իշխանությունը անընդհատ երկխոսության մեջ էր հասարակության հետ՝ մեղմ երկխոսության։ Սովետական Միությանը անհրաժեշտ էր լոյալ՝ հավատարիմ էթնոս։

  • - Այսքան ժամանակային հեռավորությունից կոնկրետ այդ ակցիայի (Լենինի նկարի այրման) խոհեմությունը երբևէ չե՞ք վիճարկել։ - Չէ, մենք համարել ենք՝ այլ բան, որ ակցիան չստացվեց։ Մենք ուզում էինք, որ դա նոյեմբերի յոթին՝ իրենց համար կարևոր օր լիներ, այսինքն՝ մենք դեմ ենք ձեր տոնին, մենք դեմ ենք լենինիզմին, ձեր գլխավոր սրբին, ձեր գլխավոր հերոսին, մենք դեմ ենք։ Մենք խոցում ենք ձեզ ամենացավոտ տեղում։ Դա կարևոր էր։ Սահման էինք գծում՝ ամենաբարձր սահմանն էինք գծում, այսինքն՝ մենք ձեր դեմ ամենավատ բանը կարող ենք անել, որովհետև դուք մեզ հետ վատ եք վարվում։ Լենինի նկարն էր, հրապարակում էր, դրանով ասում էինք՝ ձեր օջախում, ձեր ամենապաշտպանված տեղում ձեզ խոցելու ենք։ Եթե մենք դա անում ենք, մեր թիկունքում ուժեր կան, որոնք կտեսնեք, թե ձեզ հետ ոնց կվարվեն։ Ես կարծում եմ, որ ճիշտ էր դա ու ավելի մասշտաբային պետք է լիներ։ Այսօրվա համար էլ այդ ակցիան օրինակելի է, այսօր էլ պետք է համարձակ լինել։

  • Մենք համարում էինք, որ մենք կարճ կյանք ունենք։ Մենք ընդհանրապես շատ չենք ապրի։ Մենք գիտեինք, որ վտանգավոր բան ենք անում, խոցում ենք ծանր, ու մեզ չեն ների։ Ինչ էլ որ լինի (նկատի ունի անկախացումը), լինելու է հետագայում, մենք դա չենք տեսնի։ 1965-ին ռոմանտիկ պատանու նպատակը համարձակ բան անելն էր, անել մի բան, որ ուրիշները չեն անում։ Հետո երբ հասունացանք, տարիները գումարվեցին, մենք հասկացանք, որ ապագա չունենք։ Կորցնելու ոչինչ չունենք։ Մնում է պահել արժանապատվությունը, մի բան թողնել, խոցել հակառակորդին, օրինակ լինել։ Չասեն, որ հայ ժողովուրդը յոթանասուն տարի քնած է եղել։ Մենք դրան հավատում էինք։ Եթե չհավատայինք, չէինք անի։ Մենք հավատում էինք, որ մեծ վնաս ենք տալիս։ Մենք խոցում էինք ու ապագայի համար նմուշ էինք թողնում։

  • Մերոնք գինեգործ են եղել, մենք թագավորական բանակին գինի ենք մատակարարել։ Հիմա էլ այդ այգիները Մարգարա գյուղում մեր գերդաստանի անունով են։ Անցել է հարյուր տարի, բայց անունը կպել է։ Սիրում էին մերոնք գինի սարքել ու խմել։ Այդ խնջույքների ժամանակ առանց գրաքննության իրենց կարծիքը հայտնում էին սովետական իշխանության մասին։ Մենք էլ երեխաներ էինք, լսում էինք։ Կանայք ասում էին՝ երեխաներ կան, ինչեր եք ասում։ Պատասխանում էին՝ մեր երեխաները թող իմանան։

  • Ամեն անգամ մեր ընդհատակյա կազմակերպությունում որևէ բան քննարկելիս մենք ասում էինք՝ ինչ ենք ասելու քննիչին։ Հենց հիմա դուրս եկանք այս սենյակից, դռան մոտ քննիչը մեզ հարցեր է տալու, ինչ ենք ասելու։ Առաջինը դա էինք քննարկում՝ ով ինչ պետք է ասի։

  • - Մեզ տանը սովորեցնում էին՝ հանկարծ նույն ճանապարհով չգնաք։ Մեխին բռունցքով չխփես։ Դա մեր գլխավոր կեղծավորությունն էր։ Մեզ ասում էին՝ մենք բոլորս գիտենք ճշմարտությունը, բայց մեխին բռունցքով չեն խփում, պատը գլխով չեն քանդում։ Երբ ավարտվում էին էդ ընտանեկան խնջույքները, ասում էին՝ մենք ինչ արել ենք, դեմ ենք եղել Սովետական Միությանը, պատժվել ենք, դու դա չանես։ - Բայց վերջիվերջո պատը գլխով քանդվեց չէ։ - Գլխով ու բռունցքով։ Այո։

  • - Չե՞ք կարծում, որ ՀԽՍՀ իշխանությունները մի փոքր ավելի համերաշխ էին այլախոհների նկատմամբ, քան խորհրդային մյուս երկրների իշխանությունները։ - Մենք դա գիտեինք։ Սահմանադրության մեջ լեզվի մասին օրենք կար, Երևան քաղաքի կառուցապատման իրավունք կար, Ակադեմիան կար, Գեղարվեստը կար, որոշ առումով խոսքի ազատություն կար։

  • Մենք էթիկայի մի քանի կանոններ ունենք, որ չենք ուզում խախտել։ Չուզեցինք ռազբոռկա անել։ Որոշեցինք չանել։ Մենք շրջապատված էինք, մենք գիտեինք, որ մեզ հետ շփվում են, և մեզ հետ լավ հարաբերություններ ունեն նրանք, ովքեր այդպիսի հանձնարարություն ունեն՝ լինել մեզ հետ, ինձ հետ ընկերություն անել, ինձ աշխատանքի ընդունել, ինձ խրախուսել։ Հատուկ հանձնարարություն էր՝ լինել ինձ հետ։ Ես պետք է հսկողության տակ լինեի գաղտնի։ Այսինքն՝ ԿԳԲ-ի ագենտները իմ կողքին պետք է լինեին, ու ես դա գիտեի։ Կային մարդիկ, որոնք շատ ազնիվ էին։ Օրինակ՝ մեր հարևանները ժողով են արել ինքնաբուխ, հավաքվել ենք, ասել են՝ ինչ անենք, որովհետև մեր թաղի բոլոր տղաները այս կամ այն կերպ ներգրավված են եղել ընդհատակյա գործողությունների մեջ։ Ռազմագերիներ կային, կուլակներ կային՝ ամեն ինչ կար մեր հարևանների մեջ։ Պատվիրակություն եկավ մեր տուն, հաց, պանիր, գինի, սոխ դրեցին սեղանին ու ասեցին՝ մենք ձեզ շատ հարգում ենք, բայց մենք տան վարձը կտանք, թող Ազատը գնա մեր թաղից, հարևաններով երեքական ռուբլի կդնենք։ Ու ինձ վտարեցին մեր թաղից։ Դրանք ազնիվներն էին։ Կային հարևաններ, որ ասում էին՝ թող չգնա, թող մնա։ Դրանք այն հարևաններն էին, որոնք ռոճիկ էին ստանում ինձ հետևելու համար։

  • Նավասարդյան Աշոտը, Հայրիկյան Պարույրը, ես՝ մենք միակ տղաներն էինք մեր ընտանիքներում։ Ավանդական ընտանիքներից էինք, ու մեզ ասում էին՝ դուք ուղղակի ոչնչացնում եք մեր ապագան, մեր գերդաստանի ապագան դուք եք։ Ասում էին՝ բա մեր սերունդը չշարունակվի` հենց թեկուզ քո ուզած ձևով։

  • Ծնողներս աշխատում էին Նաիրիտում այն ժամանակ և Հայէլեկտրոյում։ Այսինքն՝ սովորական երեխաներ էինք, ապրում, մեծանում էինք։ Իհարկե, շատ կարևոր էր հոկտեմբերիկ լինելը, որովհետև եթե հոկտեմբերիկ չես, նշանակում է՝ մտավոր հետամնաց ես։ Դա պիտակ էր։ Պիոներ լինելը արարողություն էր, վզկապ կապելը Լենինի հրապարակում արարողություն էր, տանը պարապում էինք, ծնողներս էդ կարմիր փողկապը կապել էին սովորեցնում, ու ես դժվարությամբ էի կապում դա։ Պարապում էի։ Իսկ կոմսոմոլ չընդունվելը նշանակում էր՝ առաջ գնացողների՝ շարժվողների շարքից դուրս ես գալիս։ Դա նշանակում էր՝ կարգդ իջնում է, երկրորդ կարգ ես դառնում։ Նույնիսկ եղել եմ պիոներական ճամբարում համամիութենական՝ «Արտեկ»-ում։

  • Մեր ընտանիքը եղել է կուլակների ընտանիք, աքսորվել են։ Մեր մեծերը Առաջին համաշխարհային պատերազմի և Քաղաքացիական պատերազմի ժամանակ ռուսական կայսրության սպաներ են եղել։ Զանգեզուրում մերոնք կռվել են թուրքական և ռուսական բանակների դեմ։ Դա ո՞նց պիտի ասեի, ո՞նց պիտի ասեի, որ իմ պապը՝ հրետանավոր սպան, գումարտակի հրամանատարը, Բելոմորկանալն է փորել։ Այ դրանք, ասում էին, արգելված է, ոչ ոք չպիտի իմանա։

  • Celé nahrávky
  • 1

    Yerevan, 28.08.2023

    (audio)
    délka: 01:29:46
    nahrávka pořízena v rámci projektu Memory of Armenian Nation
Celé nahrávky jsou k dispozici pouze pro přihlášené uživatele.

Կուլակի թոռը, բռնցքամարտիկը, այլախոհը։

Ազատը որպես բանտարկյալ
Ազատը որպես բանտարկյալ
zdroj: pamětník

Ազատ Արշակյանը ծնվել է 1950-ին Երևանում՝ հակախորհրդային հայացքներով ընտանիքում: Չնայած, ինչպես ինքն է ասում, ընտանեկան խնջույքներին առանց գրաքննության կարողանում էին քննադատել խորհրդային բարքերը, իրեն ասում էին, որ դպրոցում աչքի ընկնել պետք չէ, ընտանիքի ծագումը պետք է գաղտնի պահել։ 15-16 տարեկանից շփվել է Հայաստանում գործող այլախոհների հետ: Իր զինակից, այլախոհ, քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանի հետ ծանոթացել է պիոներական ճամբարում։ Պատանի տարիքում միացել է Ազգային միացյալ կուսակցությանը՝ ԱՄԿ-ին՝ դառնալով կուսակցության միակ անչափահաս անդամը։ 1973-ին եղել է Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակում տեղադրված Լենինի մեծադիր նկարն այրելու ակցիայի կազմակերպիչներից մեկը: Դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման և երեք տարվա աքսորի: Պատիժը կրելու համար ուղարկվել է Մորդովիայի քաղաքական կալանավայր: 1977-ի ապրիլին վաղաժամկետ ազատ է արձակվել: Հետագայում` 1981-ին, հակախորհրդային գործունեության համար երկրորդ անգամ է կալանավորվել: Ճանաչվել է հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ ու դատապարտվել ութ տարի ազատազրկման և երեք տարվա աքսորի: 1987-ին՝ գորբաչովյան Պերեստրոյկայի (Վերակառուցման) շնորհիվ, ազատ է արձակվել: 1989-ից ակտիվ մասնակցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: